Գյուղ Պատարա՝ հարուստ պատմության և մշակույթի հուշարձաններով

Վերջերս ԼՂՀ Կառավարությունն ընդունել է որոշում՝ համաձայն որի հաստատվել է ԼՂՀ մշակութային տարածքների ցանկը, որի մեջ է ընդգրկված նաև Ասկերանի շրջանի Պատարա (նախկինում՝ Պտրեցիք, Բադարա) գյուղը:  Ինչպես նշված է որոշման մեջ՝ ներկայումս Պատարա գյուղում և նրա շրջակայքում են գտնվում պատմության և մշակույթի 200 հուշարձան:

Պատարա գյուղի առաջին խոշոր հնավայրը, որը հայտնի է Օխտը եղցի (յոթ եկեղեցի) անվամբ, գտնվում է գյուղից մոտ 7 կմ հյուսիս-արևմուտք: Ելնելով հնավայրի Օխտը եղցի անվանումից՝ տարբեր կարգի շենքեր վերագրվել են վանական համալիրին: Սակայն իրականում համալիրը բաղկացած է երեք հիմնական եկեղեցիներից, որոնցից մեկը կանգնած է առանձին, մյուս երկուսը՝ միմյանց կից: Օխտը եղցի տեղավայրում հայտնաբերվել են թվով 44 խաչքարեր, որոնցից մեկն ունի 1158 թվակիր ամենահին արձանագրությունը:

Օխտը եղցուց 4-5 կմ հարավ-արևելք գտնվում է մի բնակատեղի ևս, որը հայտնի է Ծերա նահատակ անվանումով: Տեղամասում հայտնաբերվել է 1326 թվագրությամբ եկեղեցի և 36 խաչքար, որոնցից ամենահինը թվագրված է 1246 թվականով:

Ծերա նահատակ տեղամասից 4-5 կմ հյուսիս գտնվում է Օձկանվանքը (XII դարի վերջ – XIII դարի սկիզբ), որը բաղկացած է եկեղեցուց, գերեզմանոցից և ավերված շինությունից: Եկեղեցու հարավարևմտյան եզրամասում` մուտքի մոտ, գտնվում է ամենանշանավոր և ամենաընդարձակ արձանագրությունն ունեցող կոտրված մի խաչքար` 1229 թվագրությամբ: Տեղամասում պահպանվել են 10 խաչքարեր:

Պատարա գյուղից շուրջ 3 կմ հյուսիս-արևմուտք կանգուն է մեկ այլ նշանավոր հուշարձան՝ Ամենափրկիչ եկեղեցին կամ Փրկչի վանքը: Գետահովտի ամենանշանավոր հուշարձաններից է նաև բերդը, որը գտնվում է գյուղից մոտ 2 կմ հարավ-արևմուտք: Բերդը գրեթե բոլոր կողմերից շրջափակված է եղել 1,2 մ հաստությամբ պարսպապատերով, որի 70 տոկոսը պահպանվում է կիսավեր: Պատարայի շրջակայքում է տարածված Լեսնոյ (Դարպասուտ) տեղամասը, որտեղ գտնվում են Դարպասուտ եղցի և Ջուխտակ եղցի հուշարձանները: Լեսնոյ (Դարպասուտ) գյուղատեղիից 6-7 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Խրավանդ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (XII – XIII դարեր)՝ ընդարձակ գերեզմանոցով և 21 խաչքարերով, որոնցից ամենահինը թվագրված է 1203 թվականով:

Պատարա գյուղի շրջակայքում են գտնվում նաև Կուսանաց-Կենդակտուն, Կուսանաց-Մեյդան-Շլորուտ, Տանձու բաղ և Պատարա-Սիպտակ վեղ տեղավայրերը, որտեղ պահպանվում են պատմության և մշակույթի բազմաթիվ հուշարձաններ:

Գյուղում ներկայումս գործում է Ս. Ստեփանոս եկեղեցին (XIX դար):

Ուսումնասիրվող տարածքում գետային ցանցը բավականին խիտ է: Այստեղ նշանավոր է Պատարա գետն իր Պիծի, Խրավանդ և այլ վտակներով, որոնց վրա հայտնի են ջրվեժներ և հունի լայնացած տեղամասեր: Տարածքում հայտնի են բազմաթիվ աղբյուրներ՝ Կապեն ծովեն, Ղազարանց կալին, Տանձոտեն, Ցորտ աղբյուրեն, Սորփին, Փրկիչին, Վարար ճիրին, Կերեզմանոտեն, Շենիտեղերեն և այլն: Շռշռան ջրվեժի մոտ է գտնվում Պատարա հանքային աղբյուրը:

Պատարա գյուղը (վարչական տարածք) գտնվում է Ստեփանակերտից 23,8 կմ հեռավորության վրա, իսկ շրջկենտրոն Ասկերանից՝ 19,4 կմ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s